ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
«ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ հարթակներում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երեկ ստացել է պատասխանները։
«Նրանք մեզ ասացին, որ որոշ ժամանակ է պետք դրանք ուսումնասիրելու համար: Այսպիսով, հիմա գնդակը նրանց դաշտում է, բայց մենք պատրաստ ենք բանակցությունների՝ երկկողմ ձևաչափով, ՆԱՏՕ- Ռուսաստան, ԵԱՀԿ, հենց որ պատրաստ լինեն նրանք»,- ասել է Նուլանդը։
Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվան կուսումնասիրի ԱՄՆ-ի կողմից առաջադրված առաջարկները և կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների գրավոր պատասխանները։ Պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ դրանք չեն հրապարակվի և կմնան երկու կողմերի միջև դիվանագիտական բանակցությունների առարկա։