IRI-ը հրապարակել է սոցհետազոտության արդյունքներ. ըստ Աշոտյանի` իշխանափոխության համար կա պարարտ հող
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ամենաուշագրավ տվյալներից.
Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։
Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։
Ամենացածր գնահատականը ստացել են ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը եւ ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։
Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։
Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։
Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։
Հիմնական հետեւություններ.
Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։
Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։
Իշխանափոխության համար կա պարարտ հող։
Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։
Հ.Գ. Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ»: