Անվտանգության գոտու ստեղծումն անիրատեսական չէ. ՄԻՊ
Ցավոք, կան կարծիքներ, դիրքորոշումներ, որ անվտանգության գոտու ստեղծումն անիրատեսական է, բայց այդ հարցն անիրատեսական չէր և չէ՝ առհասարակ: Այս մասին ՄԻՊ արտահերթ զեկույցը ներկայացնելու համար հրավիրված ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵՄ գործընկերների հետ վերջին հանդիպումները ցույց են տվել, որ խնդրի լուծումը հնարավոր է, բայց հենց Հայաստանում են հնչում կարծիքներ ու հայտարարություններ, որ ապառազմականացված գոտու ստեղծումն անիրատեսական է։
«Երբ մենք` իշխանական մակարդակում անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք, օրինականացնենք ադրբեջանական զինծառայողների ներկայությունը և ցույց չենք տալիս այս խախտումներն ու ժամանակին չենք գործում, հետո ասում ենք՝ անիրատեսական է` անիրատեսականության հիմքերը հենց այդպես են ստեղծվում»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ այսօր ադրբեջանական ատելության, թշնամանքի քաղաքականության արտացոլումն է նաև այն խախտումները, որոնք ադրբեջանական զինծառայողները թույլ են տալիս սահմանային խաղաղ բնակիչների նկատմամբ։
«Այդ դեպքերի հիման վրա ՄԻՊ-մ առաջարկ է արել միջազգային չափանիշներին համապատասխան մինչև քաղաքական գործընթացների ավարտը, մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը երաշխավորելու համար շփման գծում ադրբեջանական զինծառայողներ չլինեն»,- ասաց Թաթոյանը։