Իշխանությունն առաջարկում է ընդդիմությանն աչք փակել իրավական պետության ջախջախման վրա, որն իրենք տանում են այս պահին. Աննա Մկրտչյան
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել ո՛չ «Հայաստան» խմբակցության հետ, ո՛չ առանձին. «ԱԺ նիստի օրակարգ մտնելուն պես, կարծում եմ, կքննարկենք: Այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ խմբակցության ղեկավարը հորդորել էր ընդդիմությանը կողմ քվեարկել ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածությանը:
«Իշխանությունը հորդորում է, որ ընդդիմությունն աչք փակի նրա վրա, որ իրենք հայ-թուրքական անհասկանալի բանակցություններ են վարում հայ հանրությունից գաղտնի: Այդ նույն իշխանությունն առաջարկում է աչք փակել նրա վրա, որ իրենց իշխանության համար գերիների հարցն այլևս օրակարգային չէ: Այդ նույն իշխանությունն առաջարկում է ընդդիմությանն աչք փակել իրավական պետության ջախջախման վրա, որն իրենք տանում են այս պահին: Այդ նույն իշխաննությունն առաջարկում է մոռանալ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ պաշտոնյան՝ որպես ինստիտուտ փոխարինվել է Նիկոլի պաշտպանով: Հետևաբար, նրանց առաջարկներին՝ այն մարդկանց առաջարկներին, որ Հայաստանի Հանրապետության կործանումն ու Արցախի հանձնումը թուրքերին այլևս իրականություն են դարձրել, ավելին, քան դավադրություն, չեմ կարող վերաբերվել, լուրջ չեմ կարող վերաբերվել»,- նշեց Մկրտչյանը: