Նիկոլն ասել ա՝ էդ ո՞ր դատավորն ա, որ պիտի իմ ասածը չանի, հլը բերեք տեսնեմ. Աննա Մկրտչյանը՝ Բախշիյանի գործի մասին
Դատախազության կողմից դատական իշխանության նկատմամբ բռնաճնշումներ կան: Այսինքն՝ մենք հասել ենք մի փուլի, որ կայացվող դատական ակտը բողոքարկվում է ոչ թե վերադասության կարգով, այլ Դատախազությունը, տեսնելով այդ դատական ակտը, որոշում է՝ կարո՞ղ է ինչ-որ քրեական հանցակազմի մեջ այն տեղավորի ձևական իմաստով, բայց ոչ բովանդակային և փորձի հետապնդում իրականացնել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:
«Ըստ էության, դատավոր Բորիս Բախշիյանին առաջարկում են, որ այն քաղբանտարկյալներին, որոնց ինքն ազատ է արձակել, ինքը զբաղեցնի նրանց տեղը: Այսինքն՝ հիմա կամ դու իրականացնում ես արդարադատություն, որի հետագան սեփական պատասխանատվության հանգամանքն է, կամ օրինակ, ենթարկվում ես, դառնում ես նիկոլահպատակ, ինչպես դատախազությունն է, ԱԱԾ-ն է, և որևէ խնդիր չես ունենում: Այս նույն իրավիճակը կա բազմաթիվ մարդկանց հետ: Հայաստանում իրավական բեսպրեդելն ակնառու է»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ այս ամենն ուղղորդվում է գործադիր իշխանության կողմից: Այս ամենը ՀՀ վարչապետի հաստիքը զբաղեցնող անձի ուղիղ հրամայականն է: Մկրտչյանը վստահ չէ, որ այս գործը կստանա արդար լուծում:
«Ես նորից եմ կրկնում՝ այս ամենն ուղորդված է: Ինչի՞ց է Դատախազությունը եզրակացրել, որ այն ակտը, որը կայացրել է դատավորը, հակաիրավական է: Այդ ակտն անգամ չի բողոքարկվել վերադասության կարգով: Այսինքն՝ գոնե ձևական կարգով պետք է պահեին բողոքարկման եռաստիճան համակարգը, դրանից հետո համոզվեին այդ հանցակազմի բացակայության կամ այդ հանցակազմի առկայության մեջ, նոր դիմեին»,-նշեց Մկրտչյանը: