Մուրալով չէ... թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել. Խամոյանը՝ իշխանության կողմից հնչող խաղաղության կոչերի մասին
Վահագն Խաչատրյանն ասում է՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեր հարևանների հետ. գուցե սա ընկալելի կարող էր լինել սեպտեմբերի 27-ից առաջ, բայց հիմա դա ինձ մոտ քաղաքական անմեղսունակության տպավորություն է թողնում: Այնպիսի տպավորություն է, որ այս ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել, ողբերգություն տեղի չի ունեցել, մեծ ողբերգություն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Փորձել մոռացության մատնել մեր տարածքային կորուստները, մարդկային կյանքերի կորուստները և փորձել դեմքի մեղմ ու լուրջ արտահայտությամբ խոսել խաղաղության, խաղաղասիրության մասին, գիտե՞ք... անկեղծ... ինձ մոտ քաղաքական անմեղսունակության տպավորություն է թողնում: Հաշվի չնստել այս ամենի հետ, տեղի ունեցածի հետ և ասել՝ մենք կողմ ենք խաղաղությանը, երբ մյուս կողմն ասում է՝ ես այսքանը վերցնելու եմ ու գալու եմ, հասնեմ Երևան, ես իսկապես սա չեմ կարողանում հասկանալ, թե այս ներշնչանքի աղբյուրը որտեղի՞ց է գալիս: Նորից եմ ասում՝ բոլորն են, չէ՞, ուզում խաղաղություն, կա՞ որևէ մեկը, որ չի ուզում խաղաղություն... Արցախյան առաջին պատերազմում որդի կորցրած մայրն էլ է ուզում խաղաղություն, Ապրիլյան պատերազմի ժամանակ որդի կորցրած մայրն էլ է ուզում խաղաղություն, Արցախի երկրորդ պատերազմում զոհվածների ծնողներն էլ են ուզում խաղաղություն: Բոլորն են ուզում խաղաղություն, բայց թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ չեն, չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել: Մուրալով չի»,- նշեց Խամոյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար խաղաղությունն իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է Հայաստանի կողմից:
«Պատրա՞ստ է այս իշխանությունը վճարել այդ գինը: Այս իշխանությունն ամբողջական պատկերացում չունի, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը»,- ասաց պատգամավորը: