Նիկոլ Փաշինյան, Ալիևը կոմպրոմատ ունի, որ դու խոստացել ես միջանցք. Ռուբեն Հակոբյան
Այս իշխանությունը գլխատել է դե ֆակտո կայացած Արցախ պետությունը: Այդքան զոհեր, գերիներ... արժանապատվություն է գլխատվել, մեր սուբեկտայնությունը զրո է: Ոչ ոք մեզ բանի տեղ չի դնում: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված զրույցի ժամանակ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը:
«Հիմա Թուրքիան ասում է՝ ես քո բարեկամն եմ, բայց սա այն դեպքում, երբ երկրորդ անգամ իրականացրեց ցեղասպանություն: Ալիևն ամենավերջին խոսքերով քեզ վիրավորում է, սակայն դու ոչինչ չես ասում, որովհետև կոմպրոմատ ունի: Գիտի, թե դու ինչ ես խոստացել: Դու՝ Նիկոլ Փաշինյան, չես գիտակցում, չես հասկացել, թե ինչ ասել է՝ միջանցք և ինչ ասել է ճանապարհ: Եվ նա ունի այդ կոմպրոմատը, որ դու խոստացել ես միջանցք: Եվ նրանք ամեն անգամ, հաստատուն ասում են, որ պայմանավորվածություններ ունեն»,- նշեց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ աշխարհում չկա մի փորձ, երբ խայտառակ, դաժան պարտություն կրած ղեկավարը գնա և պայման թելադրի հակառակորդին:
«Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում մեր ազգի հետ: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ նա կարող է պայման թելադրել, ինչպե՞ս կարող է դաժան պարտություն կրածը գնալ ու չհամաձայնվել հակառակորդի պայմաններին: Սա աքսիոմա է: Եվ քանի դեռ նա իշխանության է այս թիմի հետ, մենք միշտ պարտվելու ենք, մեր արժանապատվությունը միշտ գլխատվելու է»,- ասաց Հակոբյանը: