Էրդողանական վարչախումբն ակտիվացել է գազային ծրագրերում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Վերջին օրերին էրդողանական վարչախումբը նկատելի ակտիվությամբ փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազին այլընտրանքներով, զուգահեռաբար ջանալով դառնալ ավելի լուրջ խաղացող զանազան գազային ծրագրերում։
Բան այն է, որ հունվարի վերջին Թեհրանից պաշտոնապես հայտարարված տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրանական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրեց թուրքական արդյունաբերական գոտիներից շատերի ուղղակի կանգին՝ հսկայական վնասներ հասցնելով առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող թուրքական տնտեսությանը։
Հավանաբար հենց այս պատճառով է, որ այս շաբաթվա ընթացքում էրդողանական վարչախումբը ոչ միայն փորձեց Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Նեճիրվան Բարզանիի միջոցով իրականացնել լոբբինգ Իրաքի հետ գազային պայմանագիր կնքելու հարցում, այլ նաև սկսեց ռևերանսներ անել դեպի Թել-Ավիվ՝ հայտարարելով, թե Թուրքիան ոչ միայն կարող է դառնալ իսրայելական գազի ներկրող, այլ նաև դրա տարանցող դեպի Եվրոպա։