Չեմ կարծում, որ Պուտինն ինքը գիտի, թե ինչ է անելու․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը կկործանվի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։
«Եթե Ռուսաստանը ներխուժի, եթե տանկերը, զինվորները նորից հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք 2»-ն այլևս չի լինի։ Մենք դա կանենք։ Խոստանում եմ, որ մենք կարող ենք դա անել»,- ասել է ամերիկացի առաջնորդը, գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Բայդենի, «բոլորը մոռանում են», որ Ռուսաստանի տնտեսությունը հենվում է «միայն նավթ և գազ վաճառելու կարողության վրա, սա միակ բանն է, ինչ Մոսկվան ունի դրա համար». եթե Ռուսաստանի Դաշնությունը մնա առանց նման մատակարարումների հնարավորության, ապա նա լրջորեն կտուժի, հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Եվրոպային օգնելու տարբերակներ, եթե վերջինս բախվի Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատմանը: Բացի այդ, Բայդենը դիմել է Ուկրաինայում գտնվող ամերիկացիներին և հորդորել է լքել երկիրը։
Բայդենը հավելել է, որ չգիտի Ռուսաստանի իշխանությունների ծրագրերն Ուկրաինայի վերաբերյալ։ «Ես բազմաթիվ բանակցություններ եմ ունեցել ռուսների, մասնավորապես Պուտինի հետ։ Չեմ կարծում, որ նա գիտի, թե ինչ է անելու»,- ասել է ԱՄՆ նախագահը։