Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշության և անկանխատեսելի գործընթացների դաշտ. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկայում տեղափոխվելու են տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի և բաժանարար գծերի խորացման նոր ժամանակահատված։
«Սա նշանակում է, որ Հայաստանը ստեղծված իրադրությունը և առաջիկա գործընթացները խորն ուսումնասիրելու, իրադրությունը ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի»,- նշեց Աբրահամյանը:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, Աբրահամյանը նշեց. «Եթե իշխանությունը կարծում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը և միակողմանի զիջումների գնալը բավարարելու է նրանց քաղաքական օրակարգը, ապա միանշանակորեն սխալվում է»:
Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշության և անկանխատեսելի գործընթացների դաշտ: