Զելենսկին խոսել է Մակրոնի հետ պայմանավորվածությունների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Կիև յուրաքանչյուր ուկրաինացու աջակցությունն է։ Այս մասին իր Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր հանդիպման ժամանակ ամենամեծ ուշադրությունը դարձվեց Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի անվտանգությանը: Ուզում եմ նշել, որ մենք ունենք առկա սպառնալիքների և մարտահրավերների ընդհանուր տեսլականը: Հետևաբար, Ուկրաինայի և Ֆրանսիայի գործընկերությունն այս ոլորտում շատ կարևոր է այսօր»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկու խոսքով՝ իր ֆրանսիացի գործընկերը վստահեցրել է, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դեէսկալացիայի և խաղաղության հասնելու գործում, մասնավորապես՝ Նորմանդյան քառյակի հանդիպումների շրջանակներում։ Նախագահը նշել է, որ Մակրոնը հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի կառավարությանը 1,2 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու որոշման մասին՝ 200 միլիոն եվրոյի վարկ և 1 միլիարդ եվրոյի ֆինանսական երաշխիքներ։
«Այդ միջոցները կտրամադրվեն ի լրումն Եվրամիության կողմից արդեն իսկ հատկացված մակրոֆինանսական աջակցության՝ նույն չափով և կուղղվեն զարգացման կոնկրետ նախագծերին», - ընդգծել է Զելենսկին։