Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել․ Ստանիսլավ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հաստատման մասին։
«Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով Զասն ասել է, որ երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու հարցում որոշակի զգուշավոր լավատեսություն կա։
Զասը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, այժմ կողմերի առջեւ կանգնած է սահմանը սահմանազատելու եւ սահմանագծելու լուրջ խնդիր, սա մեծ ու բարդ աշխատանք է։
«Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է և սկսվում է մեկ այլ դարաշրջան։ Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, այն քայլերը, որոնք հիմա արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ, պետք է ողջունել»,- ընդգծել է նա։