Իշխանությունները ցույց են տալիս, որ վատից ավելի վատ նշաձող էլ կա, թույլ է տրվել զարհուրելի իրավախախտում. Ալումյան
Իշխանությունների կողմից թույլ է տրվել զարհուրելի իրավախախտում: Ամեն անգամ ինձ թվում է, որ արդեն հատակին ենք հասել, էլ տեղ չկա, սա ամենավերջին կետն է, որտեղ որ ընդհանրապես կարելի է հասնել: Բայց տվյալ իշխանությունները ցույց են տալիս, որ վատից ավելի վատ նշաձող էլ կա: Ասածս մարդու իրավունքների հարցերի մասին է, իսկ մնացածին չեմ ուզում որևէ գնահատական տալ, քանի որ տնտեսական կամ քաղաքական ոլորտի մասնագետ չեմ: Իսկ ինչը կապված է մարդու իրավունքների հետ, ապա ես վստահորեն կարող եմ ասել ու պնդել, ցանկացած լսարանի մոտ հիմնավորել, որ այն, ինչ կատարվում է մարդու իրավունքների ոլորտում, ուղղակի նմանը չունեցող երևույթ է: Այս մասին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Դատարանները երկրի փաստացի վարչապետի կողմից արգելափակվում են, դատավորների վրա հարձակվում են: Դատավոր Բախշիյանն այսօր մեղադրվում է այն բանում, որ անձի կալանավորման վերաբերյալ կայացրել է որոշում, որը համարվել է ապօրինի: Ո՞վ է գնահատել, որ դա ապօրինի որոշում է. գործը քննող քննիչը: Նայենք այլ տեսանկյունից. Եվրոպական դատարանը 2004թ.-ից մինչև այսօր մի քանի տասնյակ վճիռներ է կատարել Հայաստանի վերաբերյալ, որ Եվրոպական դատարան այս կամ այն դիմողը գանգատվել է, որ ինքը Հայաստանում կալանավորվել է ապօրինի: Իր հերթին Եվրոպական դատարանը մի քանի տասնյակ վճիռ է կայացրել, որով հաստատված է համարել, որ այս կամ այն անձը, մի քանի տասնյակ անձինք իսկապես ապօրինաբար են կալանավորված եղել: Եվ ինչո՞ւ մինչև այսօր մեղադրայալի կարգավիճակ չունեն այդ ապօրինի որոշում կայացնող դատավորները, ինչո՞ւ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված չէ, ինչո՞ւ նրանց նկատմամբ որևէ միջոց ձեռնարկված չէ»,- նշեց Ալումյանը: