Այս պահին երեխաների և աշխատակիցների շրջանում ունենք ընդհանուր 1563 դեպք, թիրախը Երևան քաղաքն է․ Ռոմելլա Աբովյան
Մենք գտնվում ենք սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնների մեջ: Շարունակական իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ունենք սուր շնչառական վարակների և գրիպի բարձր ակտիվություն: Հիմնականում արձանագրվում է 0-14 և 30-64 տարեկանների շրջանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Փետրվարի 8-ի դրությամբ՝ ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որոնց 84.8 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, իսկ թոքաբորբով հիվանդ ունենք 317 պացիենտ, որից 57-ը 0-18 տարեկաններն են»,- նշեց Աբովյանը և հավելեց, որ շատ արագ տարածվում է գրիպի Ա տեսակը և հիմնական թիրախը երեխաներն են:
«Այս պահին երեխաների և աշխատակիցների շրջանում ունենք ընդհանուր1563 դեպք, հիմնական թիրախը Երևան քաղաքն է՝ 1098 դեպք։ Շատ դպրոցներ ունենալով 10 տոկոս և ավել դեպքեր՝ անցնում են հեռավար կամ մասնակի ուսուցման»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Խոսելով կորոնավիրուսի տարածման և մասնավորապես Օմիկրոն ենթատեսակի մասին՝ Աբովյանը նշեց, որ ախտանիշները հիմնականում նման են սուր շնչառական վարակներին, ուստի շատ քաղաքացիներ խուսափում են բժշկի դիմելուց: Այս պահի դրությամբ Հայաստանը գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում: