Հայտնաբերվել են Դոնալդ Թրամփի «հույժ գաղտնի» փաստաթղթերը
Փաստաթղթերի թվում, որոնք Ազգային արխիվների և գրառումների վարչությունը հեռացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքից, հայտնաբերվել են «գաղտնի» և «հույժ գաղտնի» մակագրված փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
NARA-ի աշխատակիցները մի քանի տուփ փաստաթղթեր են առգրավել ԱՄՆ նախկին ղեկավարի ունեցվածքից, որոնք Թրամփը դուրս է բերել Սպիտակ տնից: Փաստաթղթերի թվում են եղել նամակագրությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ և Բարաք Օբամայի ուղերձը, որը 2016 թվականին թողել է իր իրավահաջորդին։
Նշվում է, որ աղբյուրները չեն հայտնել, թե քանի գաղտնի փաստաթուղթ է հայտնաբերվել, սակայն նշվում է, որ որոշ փաստաթղթեր այնքան գաղտնի են, որ դրանց հասանելիության իրավունք ունի լիազորված անձանց շատ նեղ շրջանակը։