Պուտինն այսօր երեկոյան կխոսի Բայդենի և Մակրոնի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ծրագրում է հեռախոսազրույցներ ունենալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Պուտինի և Բայդենի զրույցը նախատեսված է փետրվարի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով երեկոյան։ Զրույցի նախաձեռնությունը եղել է Վաշինգտոնից, և «խնդրանքին նախորդել է ամերիկյան կողմի գրավոր դիմումը», - ասել է Պեսկովը։
Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են անցյալ տարվա վերջին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 7-ին, նրանք բանակցություններ էին վարել տեսակոնֆերանսի միջոցով։ Պուտինի և Բայդենի առաջին դեմառդեմ հանդիպումը որպես պետության ղեկավարներ տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։