Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով, բայց դա Ռուսաստանի անվտանգության երաշխիքների ավելի մեծ խնդրի միայն մի մասն է, CNN-ին ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախ նախագահ Պուտինը միշտ բանակցություններ և դիվանագիտություն է պահանջել։ Փաստորեն, նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը։ Իսկ Ուկրաինան խնդրի միայն մի մասն է, դա Ռուսաստանի անվտանգության երաշխիքների ավելի մեծ խնդրի մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցությունների»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների շարունակությունը։ Նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք «անվերջ է և շատ վտանգավոր», հատկապես «ի հաշիվ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի», հիշեցնում է թերթը։