ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ամրագրել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության գրավոր համաձայնագրեր. Ջո Բայդեն
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ամրագրել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության գրավոր համաձայնագրեր, եթե դրանք ձեռք բերվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ–ի ղեկավար Ջո Բայդենը։
«Արդեն մի քանի շաբաթ է՝ մենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ առանց կանգառի դիվանագիտություն ենք վարում։ Այս շաբաթվա վերջին ես խոսեցի հեռախոսով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշեցի, որ մենք պատրաստ ենք շարունակել բարձր մակարդակի դիվանագիտությունը՝ գրավոր փոխըմբռնման հասնելու համար Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Եվրոպայի երկրների միջև»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը համաձայն է Ռուսաստանի հետ Եվրոպայում դիվանագիտական անվտանգության ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում։
«Եվ մենք, և նրանք անվտանգության հետ կապված մտահոգություններ ունենք: Նախագահ Վլադիմիր Պուտինը և ես պայմանավորվեցինք, որ մեր թիմերը պետք է շարունակեն աշխատել այս նպատակի ուղղությամբ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին: Երեկ Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ հայտարարեցին դիվանագիտությունը շարունակելու պատրաստակամության մասին: Ես համաձայն եմ: Դիվանագիտությանը պետք է տրվի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու համար»,- ասել է Բայդենը։