Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական ներկայության կրճատման նշաններ չենք տեսել. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն մինչ այժմ որևէ նշան չի տեսել, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերի մի մասը Ուկրաինայի սահմաններից։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է DW-ի թղթակիցը։
«Մոսկվայից ազդանշաններ են գալիս, որ դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն։ Սա զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Բայց մինչ այժմ մենք դեէսկալացիայի նշաններ չենք տեսել»,- ասել է Ստոլտենբերգը։
Հարցին, թե դա նշանակում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Առայժմ մենք Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական ներկայության կրճատման նշաններ չենք տեսել: Բայց մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը և ուշադիր հետևել, թե ինչ է անում Ռուսաստանը»: