Ռուսաստանը չի որոշում, թե ով կլինի ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ. Ստոլտենբերգ
Ռուսաստանի Դաշնությունը չի որոշի, թե արդյոք Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման մեկնարկից առաջ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգին հարցրել են՝ համաձա՞յն է այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ երկար ժամանակ օրակարգում չի լինելու։
«Իմ ուղերձն այն է, որ որոշումը կախված է 30 անդամ երկրներից: Ռուսաստանը չի որոշում, թե ով կլինի ՆԱՏՕ-ի անդամ, թե ոչ: Դա սկզբունքային հարց է, որը բոլոր դաշնակիցները կրկին ու կրկին հստակ հայտարարել են: Դա վերաբերում է հարգանքին: Եվրոպայի յուրաքանչյուր պետության իրավունքը՝ ընտրելու իր ուղին, անկախ նրանից՝ նա ցանկանում է պատկանել ՆԱՏՕ-ի նման կազմակերպությանը, թե ոչ»,- ընդգծել է Ստոլտենբերգը։