Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: