Եթե ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ապա պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը․ Քոչարյան
Նախագահի թեկնածուն պետք է լինի անաչառ, առաջնորդվի միայն ազգային շահով, իսկ իշխանության ներկայացրած թեկնածուն չի համապատասխանում նշված որակներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Հայաստան խմբակցությունը հայտարարում է, որ չի առաջադրում նախագահի իր թեկնածուին, որպեսզի չլեգիտիմացնեք իշխող մեծամասնության թեկնածուին։ Այսինքն՝ հնարավո՞ր է լեգիտիմացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը։
Քոչարյանն արձագանքեց․ «Արդյոք պետք է մարդ առաջադրեինք միայն խորհրդարանի ամբիոնը շահագործելո՞ւ նպատակով։ Այո, կարող էինք: Բայց ես համոզված եմ, որ դա չպետք է արվեր, քանի որ դա կլիներ բեմադրություն։ Չեմ կարծում, որ այս բեմադրության մեջ մենք պետք է դեկորացիայի դեր կատարեինք»։
Նա նկատեց, որ եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բևեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։
«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են և առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է լեգիտիմացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նշանակումը պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կարելի՞ է անվերջ քննարկել ընդամենը մեկ օրակարգ՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նշանակումը, Քոչարյանը մեջբերեց «Դոնթի մեթոդը»։
Նրա խոսքով, այս մեթոդով, ինչպես նաև Սահմանադրությամբ, վերոնշյալ պաշտոնը, վերապահված է խորհրդարանական ընդդիմությանը։
«Այստեղ իրավիճակն այլ է։ Մենք պետք է մտնեինք մի գործընթաց, որտեղ հաջողությունն անտեսանելի է։ Սա գրեթե անհնար է։ Արդեն կառավարության նիստի ժամանակ վարչապետը շնորհավորեց իրենց առաջադրած թեկնածուին»,- նշեց Քոչարյանը։