Հանրապետականները հարգանքի տուրք են մատուցել մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին (ֆոտո)
Փետրվարի 18-ին լրանում է Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 116-ամյակը։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականի եւ Բեռլինի գրավման հերոս, հայազգի ականավոր մարշալի հուշարձանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մարշալ Բաբաջանյանը մասնակցել է Սմոլենսկի պաշտպանությանը, Ելնայի օպերացիային,Կուրսկի հերոսական ճակատամարտին եւ, իհարկե, Բեռլինի գրավմանը։
Անուրանալի է հայ ժողովրդի զավակների ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
Մարշալ Բաբաջանյանին ամենադիպուկ բնորոշումը տվել է ԽՍՀՄ մարշալ,Մեծ Հաղթանակի խորհրդանիշ Գեորգի Ժուկովը։
Խոսելով Բեռլինի գրավման պատասխանատուներից Համազասպ Բաբաջանյանի մասին՝ Հաղթանակի մարշալն ասել է.
«Այդ հայը վստահաբար կկատարի առաջադրանքը։
Նա վախ չունի, հնարամիտ է եւ օժտված»։
Հայ ժողովրդի պանծալի զավակ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանը բացվել է 2016-ի մայիսի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ։
Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»: