Մարտեր են ընթանում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Դենիս Պուշիլին
Իրավիճակը Մարիուպոլի ուղղությամբ կտրուկ սրվել է, մարտեր են ընթանում Ռուսաստանի հետ սահմանի մոտ, հայտարարել է Դոնեցկի անջատողականների առաջնորդ Դենիս Պուշիլինը.«Մարիուպոլի ուղղությամբ իրավիճակը կտրուկ սրվել է։ 36-րդ բրիգադի զինյալները գրոհել են Կոմինտերնովոյի շրջանում ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների դիրքերը։ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ մարտ է ընթանում»,- Պուշիլինի խոսքերն է մեջբերում Դոնեցկի լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով, վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին ավելի քան 1700 ական ու արկ է արձակել բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Պուշիլինը պնդում է, որ ուկրաինական զորքերը շարունակում են գնդակոծել Զայցևո, Գորլովկա, Դոնեցկ, Յասինովատայա, Կոմինտերնովո և Դոկուչաևսկ բնակավայրերը։
Անվտանգության դաշնային ծառայությունը նաև հայտնել է, որ արկի արձակման հետևանքով Ռոստովի մարզում Ուկրաինայի հետ սահմանային անցակետն ամբողջությամբ ոչնչացվել է։ Շենքը գտնվել է սահմանագծից 150 մետր հեռավորության վրա։