Ուկրաինայի նախաձեռնությամբ, Նյու Յորքում հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ
Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասի անկախության ճանաչման մասին՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ, Նյու Յորքում հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
Deutsche Welle-ն հայտնում է, որ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն ասել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատողականների կողմից վերահսկվող շրջանների անկախության ճանաչումը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Դի Կարլոյի խոսքով՝ «Լայնածավալ հակամարտության վտանգը իրական է, այն պետք է ամեն գնով կանխել»։ ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստի այսքան ուշ անցկացումն արտացոլում է Մոսկվայի գործողությունների լրջությունը, ասել է նա։ Հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը պետք է կենտրոնանան ռազմական գործողությունների դադարեցման վրա, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
Ֆրանսիայի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ սաբոտաժ է արել Ուկրաինային խաղաղություն հաստատելու հսկայական ջանքերը։ Բայց դիվանագիտական ճանապարհը դեռ բաց է, ասել է նա։