Քայլերով մեզ արնաքամ են անում և մենք ամեն անգամ արդարացնում ենք որևէ բան տալով, որ պատերազմ չլինի. ադրբեջանագետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՔՊ-ն տապալել է «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարություն ընդունելու համար ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը:
Այս հարցի հետ կապված՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ այս հարցում որևէ զարմանալի և շոկային բան չկար որևէ մեկի համար, քանի որ տրամաբանական և սպասելի էր: Այստեղ ավելի շատ զարմացնում է պրիմիտիվ պարզաբանումը որպես արդարացում, որպեսզի չխախտենք տարածաշրջանում խաղաղությունը:
«Ադրբեջանը և Թուրքիան իրար հետ արդեն կես տարի, փաստացի կնքում են ռազմավարական, ռազմաքաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտների համապարփակ համաձայնագրեր: Այդ փաստաթղթերը, բնականաբար, օրինական ուժ են ունենում, իսկ այստեղ՝ Երևանում, չգիտես, թե ինչ տրամաբանությամբ, սկսում են պաշտոնական մակարդակով խոսել այն մասին, որ եկեք իրավիճակը չսրենք և դա չդատապարտենք»,- նշեց ադրբեջանագետը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, պայմանագրեր կնքել ու գնալ իր ճանապարհով:
«Լռենք, չխոսենք, որ պատերազմ չլինի, սա էլ զիջենք, որ պատերազմ չլինի... Էսպես, քայլերով մեզ արնաքամ են անում և մենք ամեն անգամ արդարացնում ենք որևէ բան տալով, որ պատերազմ չլինի: Գալու է մի պահ, որ ոչինչ չի մնա»,- նշեց Էլիբեգովան և հավելեց, որ մենք տարածաշրջանում խանգարում ենք Թուրքիայի և Ադրբեջանի միավորմանը: