Կարծում եմ մշակված հնարավոր սցենարը դժվար չէ գուշակել... քաղաքագետ
Ռուս-ուկրաինական պատերազմն ու այդ կապակցությամբ արևմուտքի պահվածքը տարբեր վերլուծությունների առիթ է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Արևմուտքի նման պահվածքը կարող է նաև մեկ այլ բացատրություն ունենալ:
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որ վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս իր սկանդալային հայտարարություններով, երկու ամիս առաջ մի ելույթի ժամանակ հետաքրքիր բացահայտում կատարեց: Նա հայտարարեց, որ հստակ տեղեկություն ունի այն մասին որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գաղտնի գործարք է կայացել, որի համաձայն Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսում և ստանում է Ուկրաինան, իսկ ԱՄՆ-ն՝ Իրանը:
Իրանի նախկին նախագահի կանխատեսումը հետաքրքիր կարող է համարվել եթե նկատի առնենք մի քանի հանգամանք:
Այս օրերին Վիեննայում վերջին փուլին են մոտենում միջուկային նոր համաձայնության շուրջ Իրանի և արևմուտքի միջև ընթացող բանակցությունները:
Այս երկու զուգահեռ իրադարձություններին իրար միացնող օղակները Ռուսաստանը, արևմուտքն ու ԱՄՆ-ն են:
Իսկ ինչպես Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆն էլ ընդգծել էր անցած մայիսին հրապարակված գաղտնի ձայնագրության մեջ, Ռուսաստանը նախորդ բանակցությունների ժամանակ արել է ամեն ինչ խանգարելու Իրանի և արևմուտքի միջև միջուկային համաձյանությունը և որպես փաստ ներկայացնում է համաձայնագրի ստորագրման հետ կապված հայտնի լուսանկարում Լավրովի բացակայությունը:
Հիշենք, որ այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ երկրից հեռանալու առաջարկ է ստացել ԱՄՆ-ից, ինչը մերժել է:
Կարծում եմ մշակված հնարավոր սցենարը դժվար չէ գուշակել:
Զելենսկին հրաժարական է տալիս ու հեռանում է: Ուկրաինան դառնում է ռուսական ազդեցության գոտի: Դրա դիմաց Ռուսաստանը չի խանգարում Իրանի հետ միջուկային նոր համաձայնագրի ստորագրումը»...