Ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը. Վահագն Խաչատուրյանը՝ ՔՊ-ականներին
Ես համոզված եմ՝ դուք չեք ուզում, որ ես լինեմ միայն ձեր նախագահը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է լինել միայն քաղաքական մեծամասնությա՞ն, թե՞ ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը:
«Դուք էլ համոզված եղեք, որ ես չեմ ուզում լինել միայն ձեր նախագահը: Ես Սահմանադրությամբ պարտավոր եմ լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը», - արձագանքեց Խաչատուրյանը:
Նրա խոսքով` հանրապետության նախագահի ինստիտուտն ուղղված է նաև համազգային խնդիրների լուծմանը, ինքն էլ ընտրվելու դեպքում պատրաստվում է հենց այդպես էլ վարվել:
«Միգուցե նաև իմ թեկնածությունը դրել եք` հաշվի առնելով այդ հանգամանքը: Իմ մեջ տեսել եք այն մարդը, որ կարող է այդ դերը կատարել, այսօրվա մեր մասնատված ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող հասարակության համար շատ կարևոր է, որ նախագահի ինստիտուտը համախմբող լինի»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:
Ըստ նրա՝ նախագահի ինստիտուտը միայնակ չի կարող լավ աշխատել, խնդիրները լուծել, եթե չկա Ազգային ժողովի, կառավարության, հասարակության, ՀԿ-ների հետ համագործակցություն:
«Այստեղ իմ ու քո լինել չի կարող, ես այդպես եմ ընկալում և այդ ընկալմամբ էլ ձեր առջև եմ հանդես գալիս»,- հայտարարեց Վահագն Խաչտուրյանը: