ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Ռուսաստանի դեմ միջուկային պատերազմ սանձազերծելու ծրագիր են մշակում․ Լավրով
РИА «Новости» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ծրագիր են մշակում Ռուսաստանի Դաշնության դեմ իրական պատերազմ՝ միջուկային պատերազմ սանձազերծելու համար։ Այս մասին նա ասել է մարտի 3-ին` ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման պայմանները նկարագրված են ռազմական դոկտրինում։
«Մենք այնտեղ որևէ էսկալացիա չունենք՝ հանուն դեէսկալացիայի, ինչպես մեզ փորձում են վերագրել արևմտյան վերլուծաբանները։ Սակայն միջուկային պատերազմի մասին խոսակցություններն այժմ ընթանում են»,- ասել է Լավրովը։
Նա լրագրողներին հորդորել է ուշադրություն դարձնել այս մասին խոսող քաղաքական գործիչներին։ Լավրովն ընդգծել է, որ սկզբում նման հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ հետո՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Ռուսաստանի վրա ուղղակի հարձակման սպառնալիքը գա Ուկրաինայի տարածքից։