Սեյրան Օհանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ինչպես հայտնի է երեկ՝ մարտի 2-ին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամ էր, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աղմկահարուց ելույթներ է ունեցել։
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, որով հորդորել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին հրապարակային դիրքորոշում արտահայտել, թե ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի:
Օհանյանը, մասնավորապես, ասել է, որ ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունը երկար տարիներ՝ 1994 թվականի պայմանագրի ստորագրումից հետո, միասնական կուռ համակարգ են եղել՝ թե՛ տնտեսության զարգացման ոլորտում, թե՛ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, թե՛ անվտանգության ոլորտում:
«Իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակներում չեն ասել՝ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը: Ընդհակառակը՝ իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը, և այդ դիրքերը ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար»,- ասել է Օհանյանը և հավելել, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքը:
Օհանյանի խոսքով՝ Կուբաթլի բնակավայրը 1933թ․-ին է ստեղծվել։ Ուղիղ 60 տարի հետո՝ 1993թ․-ին, ի պատիվ Սանասարի, այդ բնակավայրը դարձել է Սանասար։
«Գաղափարական առումով, հայրենիքի ազատագրման առումով, այն մեր համար Սանասար է: Այնպես որ, այդ բնակավայրերն ինձ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել: Թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում հայտնի կլինի»,- ասաց Օհանյանը և հավելեց, որ հողերը հակառակորդի վերահսկողության տակ են անցել այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության ժամանակ: