Միջազգային հանրությունը պետք է մտածի Ռուսաստանին ՄԱԿ-ից հեռացնելու մասին․ Անդրեյ Երմակ
«Միջազգային հանրությունը պետք է մտածի Ռուսաստանին ՄԱԿ-ից կամ առնվազն Անվտանգության խորհրդից հեռացնելու մասին, որտեղ նա վետոյի իրավունք ունի»: Այս մասին The New York Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նրա խոսքով՝ 1994 թվականի Բուդապեշտի Անվտանգության երաշխիքների մասին հուշագրի 4-րդ հոդվածը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ միջոցներ կպահանջեն օգնություն ցուցաբերելու համար, եթե Ուկրաինան դառնա ագրեսիայի ակտի զոհ։
Երմակը նաև կոչ է արել Արևմուտքին սահմանել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով։
«Ռուսաստանը կանգ չի առնի միայն Ուկրաինայի վրա, որն ամեն դեպքում կարող է ՆԱՏՕ-ին ներքաշել այս հակամարտության մեջ, իսկ փակ երկինքը գոնե կստիպի Վլադիմիր Պուտինին դադար վերցնել»,- ասել է Երմակը։