Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառում, որ Լավրովի հետ կարող է հանդիպել Թուրքիայում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չի բացառել, որ կարող է բանակցություններ վարել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ` Թուրքիայում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նա հիշեցրել է, որ այսօր հանդիպում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ում հետ կքննարկի այս նախաձեռնությունը։
«Բանակցային ճանապարհ կա, պատվիրակություններ են ձևավորվել և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից, նրանք հանդիպում են Բելառուսի տարածքում։ Եթե ես տեսնեմ, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները կարող են իմաստալից լինել, և դա կտեղավորվի բանակցային գործընթացի ընդհանուր շրջանակում, ապա, իհարկե, չեմ հրաժարվի»,- ասել է Կուլեբան։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Թուրք դիվանագետի խոսքով՝ իր երկիրն այն սակավաթիվ պետություններից է, որ «կարող է երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ»։ Մոսկվան իր հերթին դրական է գնահատել այս առաջարկը։