Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը. վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը. քաղաքագետ
«Ճահիճ» ծրագիրը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար։ Սա քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկումն է։ Նա, Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը դիտարկելիս, նկատում է, որ նոր և նորագույն ժամանակների պատմությունն ապացուցում է, որ անգլոսաքսերը երբեք էլ ցամաքային մեծ պատերազմ չեն ունեցել Ռուսաստանի հետ, խուսափել են պարտվելուց, Նապոլեոնի և Հիտլերի փորձն էլ ուսանելի է եղել իրենց համար։ Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի դեմ շատ արդյունավետ գործել են հակառուսական դաշինքներ ստեղծելով, կամ այլ պետությունների պատերազմի մեջ ներքաշելով։
Գարիկ Քեռյանը հիշեցնում է, թե19-րդ դարում պատերազմելու համար անգլիական ինչ օգնություն էին ստանում Պարսկաստանն ու Օսմանյան կայսրությունը։
«Սառը պատերազմի տարիների հակառուսական ռազմավարության հիմնական մեթոդը հյուծիչ և երկարատև կոնֆլիկտներում ռուսներին ներքաշելն ու ռեսուրսների հյուծումն ու փոշիացնումն էր»,- նկատում է Գարիկ Քեռյանը և դարձյալ հիշեցնում ԽՍՀՄ ահռելի ռեսուրսների վատնումը պաղեստինյան հակամարտության երկար ու ձիգ տարիներին:
«Արաբական երկրներին օգնություն ցույց տալով, Ասուանի հէկի կառուցումը Եգիպտոսում պրոխորհրդային ճամբարում պահելու համար, հակախորհրդային շարժումների ակտիվացումը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Հունգարիայում, պատերազմնեը Կորեայում, Վիետնամում և ի վերջո Աֆղանստանի տասը տարվա սև խոռոչը... Սպառազինությունների մրցավազքին զուգահեռ այս ամենը սպառեց ռուսների ուժն ու կարողությունը։ Արդյունքը «հոյակապ էր» ... ԽՍՀՄ փլուզվեց, Արևելյան Եվրոպան մտավ ՆԱՏՕ և ԵՄ, որտեղ տերը Վաշինգտոնն է, սանիկը Լոնդոնը»,-նշում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ռուս֊ուկրաինական լարվածությանը, ապա Գարիկ Քեռյանի համար հստակ ուրվագծվում է արևմտյան ստրատեգների պլանը` փլուզման գործընթացներ գեներացնել նաև ՌԴ ներսում, որը ժամանակին կասեցվեց չեչենական պատերազմում ռուսական կողմի հաղթանակով և որոշակի փոխզիջմամբ։
«Անհրաժեշտ էր ստեղծել, նոր ճահիճ, նոր սև խոռոչ, որտեղ հնարավոր կլիներ մաշել Մոսկվայի ուժերը և տապալել հետխորհրդային միութենական նոր միավորման ստեղծման Պուտինի ծրագիրը։ Առաջինը սիրիական ճահիճն էր, երկրորդը ուկրաինական: Այս հսկա երկրում երկարատև հակամարտությունը, որը կուղեկցվի դրակոնյան պատժամիջոցներով, ձեռնտու չէ Ռուսաստանին»,-նշում է Գարիկ Քեռյանը։
Նրա դիտարկմամբ, Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը, քանի որ, ըստ քաղաքագետի, վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը` կապված սոցիալական բունտի և կենտրոնախույս ինքնավար հանրապետությունների ակտիվացման հետ։
«Աստված չանի Ռուսաստանում սկսվի ներքին անկայունությունը, մեզ մոտ կկրկնվի 1917-1920 թթ. իրավիճակը։ Լինենք լավատես և խաղաղություն մաղթենք սլավոններին»,-եզրափակում է քաղաքագետը։