Լուկաշենկոն կժամանի Մոսկվա և Պուտինի հետ բանակցություններ կվարի Ուկրաինայի հարցով
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 11-ին կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, միութենական համագործակցության զարգացումը, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների ճնշման պայմաններում։ Օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում»,- նշել են մամուլի ծառայությունից։
Այս տեղեկությունը РИА «Новости» գործակալությանը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Բելառուսի ղեկավարը հայտարարել էր, որ երկիրը կարող է բախվել ռազմական անվտանգության սպառնալիքների բարձր մակարդակի։ Նա նաև հայտնել է, որ երկրի հետախուզությունն Ուկրաինայի տարածքում վարձկանների է հայտնաբերել, որոնք բելառուսա-ուկրաինական սահմանով շարժվում են դեպի Չեռնոբիլ։