Թշնամին վերջին օրերին ավելի է ակտիվացել ու լկտիացել, Արցախում հումանիտար աղետ է. Մետաքսե Հակոբյան
Արցախում հումանիտար աղետ է և այնպես չէ, որ այդ աղետն սկսվել է օրեր առաջ: Ադրբեջանը փորձում է ինչ-որ գործողություններ իրականացնել՝ օգտվելով Ռուսաստանի գործողություններից Ուկրաինայում, այսինքն՝ ապառազմականացման, ապաազգայնականացման գործընթացից: Այս մասին «Հայելի» ակումբի տեսազրույցի ժամանակ նշեց Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն հիմա ավելի ագրեսիվ է դարձել, սակայն այնպես չէ, որ 2020թ.-ի պատերազմից հետո հրադադար, զինադադար կամ խաղաղություն է Արցախում: Խաղաղության դարաշրջանը կարծես միայն Հայաստանի իշխանությունների համար է:
«Թշնամին վերջին օրերին ավելի է ակտիվացել ու լկտիացել: Անգամ իրեն բացարձակ լկտի է պահում ռուս խաղաղապահի նկատմամբ, հասկանալով, որ իր առաջ երկու ազգ կա՝ հայ և ռուս, որոնք գիտեն պահել պայմանավորվածություններ, և դրա շրջանակներում պահում են եռակողմ հայտարարության կետերը, ինչը չի անում Ադրբեջանը, որն ամեն օր խախտում է բոլոր կետերը»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը, ինչի հետևանքով արդեն քանի օր է՝ Արցախը զրկված է գազից: