Եթե Հայաստանն ունենար իշխանություն, ապա այս պահին կխոցվեր ադրբեջանական գազատարներից մեկը, որը ենթադրենք սնուցում է ադրբեջանական խոշոր քաղաքներից մեկը. Ղազարյան
Ինչ տեղի է ունենում՝ Ադրբեջանի կողմից պլանավորված գործողությունների շարք է՝ Արցախը հայաթափելու համար, որին Հայաստանի իշխանությունները բացարձակապես որևէ հակադրություն չեն ցուցաբերում, եթե չասենք, որ օգնում են դրա իրականացմանը: Որովհետև հումանիտար աղետը, որն արդեն քանի օր է՝ գոյություն ունի Արցախում: Ամռանը ջուր չկար, և չգիտենք՝ ինչ կլինի այս ամռանը, քանի որ, ինչպես գիտենք Քարվաճառից են ջրամատակարարվում, իսկ դա Փաշինյանի որոշմամբ, առանց մարտական գործողությունների, հանձնել են Ադրբեջանի տնօրինությանը: Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նրա խոսքով՝ եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը, ապա պետք է նայել նախագահի երդման արարողության տեսագրությունը, որտեղ երևում է, որ Արցախի նախագահ կոչվածը մի փայլուն, գունավոր փողկապով եկել, նստել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և տոնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրված մի հատ պաշտոնյայի պաշտոնամուտը:
«Այս երկու տարվա ընթացքում արդեն ավարտին է հասցվում Արցախի ապառազմականացման՝ Ալիևի ծրագիրը: Զորացրումներ են տեղի ունենում: Այսինքն՝ Արցախի անվտանգությամբ զբաղվող զինված զտորաբաժանումները չեզոքացվում են, և սադրանքներին որևէ պատասխան չի արվում: Եթե Հայաստանն ունենար իշխանություն, ապա այս պահին կխոցվեր ադրբեջանական գազատարներից մեկը, որը ենթադրենք սնուցում է ադրբեջանական խոշոր քաղաքներից մեկը: «Իսկանդեր»-ի համազարկը, կարծում եմ, որ կարող է հնարավորություն տալ լուծել այդ խնդիրը: Մի վայրկյանում դա կարող են իրականացնել, որ Ադրբեջանը հասկանա, թե ինչ է նշանակում ցրտին հազարավոր մարդկանց թողնել առանց ջեռուցման,- նշեց Ղազարյանը: