Կրեմլը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտի հնարավոր ժամկետները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առցանց բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ, դեռ վաղ է կանխատեսումներ անելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը։
«Երկու պատվիրակությունների միջև աշխատանքը շարունակվում է, այն իրականացվում է տեսակոնֆերանսների միջոցով։ Աշխատանքը բարդ է, այս գործը շարունակելու փաստն ինքնին դրական է։ Մենք չենք ուզում կանխատեսումներ անել, պետք է սպասել արդյունքներին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել։
Պեսկովի խոսքով՝ վաղաժամ է նաև հրապարակայնորեն քննարկելը, թե ինչ ձևաչափով է լինելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված փաստաթուղթը, ինչպես նաև երաշխավոր երկրներին ներգրավելու հարցը։