Փաշինյանը կոչ է անում կանանց պարեկներ դառնալ. բարձրագույն կրթությունը պարտադիր չէ (տեսանյութ)
Ապրիլ ամսից Շիրակի և Լոռու մարզերում կգործարկվի պարեկային ոստիկանական ծառայությունը, սա մեզ համար շատ կարևոր նշանակություն ունեցող բարեփոխում է։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա գնահատմամաբ այս համակարգը շատ լավ է աշխատում, թեև սկզբնական փուլում եղել են մտավախություններ, որ այն չի հաջողի:
Այժմ, ըստ Փաշինյանի, տեխնիկակաան թերություններ չկան և, բարեփոխումներն արդարացված են:
«Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն է ներդրվելու Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։ Ես հիմա ուզում եմ այս ամբիոնից տեղեկացնել, որ պարեկային ոստիկանություն ծառայության անցնելու համար նախկինում ոստիկանությունում աշխատած լինելը պարտադիր չէ։ Ավելացնեմ, որ պարտադիր չէ նաև բարձրագույն կրթություն ունենալը, թեև ամենևին չեմ թերագնահատում կրթական հատվածը։ Ցանկացած ոք, ով ունի միջնակարգ կրթություն, կարող է այդ հավակնությունը ցուցաբերել։ Մարդիկ ընդունվում են, դասընթացներ են անցնում, որակավորման քննություն են հանձնում և դրանից հետ անցնում են աշխատանքի»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց, որ կանայք ավելի ակտիվ մասնակցեն պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու գործընթացին։