Ես ամեն ինչ արեցի, որ Ուկրաինայում պատերազմ չլինի․ Լուկաշենկո
Ռուս-ուկրաինական հակամարտության նախօրեին Բելառուսն ամեն ինչ արեց զինված առճակատումը կանխելու համար, ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նախօրեին ես ամեն ինչ արեցի, որպեսզի պատերազմ չլինի և խաղաղություն լինի։ Ես նույնիսկ պատրաստ էի փակել Դոնբասի և Ռուսաստանի սահմանը։ Ես պատրաստ էի իմ սահմանապահների հետ փակել այս սահմանը և այլ օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Եվ Ռուսաստանը համաձայնեց սրա հետ։ Սակայն Ուկրաինան հրաժարվել է։ Ինչո՞ւ։ Որովհետև Արևմուտքը նրանց մղեց այս պատերազմին»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA-ն։
Նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինան Բելառուսի դեմ պատժամիջոցներ է կիրառել նախքան Արևմուտքը։