Սերդար Բերդիմուհամեդովը ստանձնել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնը
Թուրքմենստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Թուրքմենստանի մայրաքաղաքում՝ Ռուխյեթ պալատում, հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը։ Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սերդարը՝ նախկին փոխվարչապետ և այժմ պետության նախկին ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, մարտի 12-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 72,97%-ը։
Թուրքմենստանի ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 14-ի որոշման հիման վրա նա ճանաչվել է ընտրված նախագահ։
Ընտրությունների քվեարկության ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում Սերդար Բերդիմուհամեդովն ասել է, որ կշարունակի չեզոք արտաքին քաղաքականությունը, եթե ընտրվի Թուրքմենստանի պետության ղեկավարի պաշտոնում։
Թուրքմենստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով և պաշտոնը ստանձնում է երդման պահից։