Ձեր մտքերը հոսող ջրին պատմեք և աշխատեք արագ պատմել, որովհետև ջրի սակագինը թանկացրել եք. Անժելա Էլիբեգովան՝ իշխանության ներկայացուցիչներին
Ես այսօր եկել եմ մեր արտաքին քաղաքականությունը որոշողներին (ցավոք սրտի) երեք հարց տալու: Մեր պաշտոնական դիրքորոշումն Արցախի վերաբերյալ ո՞րն է: Որովհետև, եթե մենք միայն դիտարկում ենք Արցախի անկախությունը և որևէ պարագայում չենք դիտարկում այն Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք մոռացել դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք անառողջ համառությամբ շարունակում են հակառակը համոզել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա խորհուրդ տվեց իշխանություններին` ասելով. «Խորհրդի կարգով ասեմ: Առհասարակ, եթե ձեզ մոտ անվերահսկելի ցանկություն է առաջանում նման մտքեր արտահայտելու, լրագրողներին մի պատմեք այդ մասին, այլ գնացեք հոսող ջրին պատմեք: Եվ աշխատեք արագ պատմել, քանի որ ջրի սակագները թանկացրել եք: Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ չգիտեն հայ ժողովրդի պատմություն, չգիտեն աշխարհագրություն, չգիտեն, թե ինչ է անտրոպոլոգիան, դրա համար պարզ օրինակների վրա բացատրեմ:
Տեսեք, երբ Ամարասը հիմնում էին 3-րդ դարում, եկավ Մեսրոպ Մաշտոցն ու առաջին դպրոցը հիմնեց, իրենք չէին ենթադրում, որ 1500 տարի հետո կհայտնվեն ադրբեջանցիներ, որոնք կասեն, որ դա իրենց է: Կամ Դադիվանքը, երբ 9-րդ դարում հիմնեցին, չէին կարծում, որ որոշ ժամանակ անց Երևանում կհայտնվեն պաշտոնյաներ, որոնք ալարում են գիրք կարդալ: Ես անգամ կարող եմ ենթադրել, որ հայկական Նախիջևանի պատմությունը չգիտեն այդ մարդիկ, որը վերացված է Ադրբեջանի ջանքերով: Բայց դրանից ո՛չ Ջուղայի խաչքարերն են դադարում հայկական լինելուց, ո՛չ Ագուլիսի ավերված եկեղեցիները ինչպես և Շուշին չի դադարում լինելուց հայկական, ինչպես և Հադրութը չի դառնա ադրբեջանական: Ուզում է մի մզկիթ կառուցեն, ուզում են 10 հատ շարեն իրար կողք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս ամբիոնից այսպիսի պարզ բաներ բացատրել, բայց արի ու տես, որ բացատրում, բացատրում ես, բայց էլի ինչ-որ հակապետական, ապազգային մտքեր են սկսում էդ մարդիկ արտահայտել: Եթե ձեզ հայկական Արցախը պետք չի, ապա մեզ պետք է, մեր երեխաներին պետք է, մեր թոռներին պետք է... ի վերջո Մեսրոպ Մաշտոցին է պետք: Հուսով եմ, տառաճանաչ եք և գիտեք՝ ով է Մեսրոպ Մաշտոցը»: