Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել, պատմեք, թե ինչ եք բանակցում, սական առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների. ադրբեջանագետը՝ իշխանություններին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մի քանի հարց էր ցանկանում հղել արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաներին: Հարցերից մեկն իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ դիրքորոշման հետ էր կապված:
Մյուս հարցադրումը վերաբերում էր հայ-թուրքական բանակցություններին: Մասնավորապես, թե հայ-թուրքական բանակցություններում նախապայմաններ կա՞ն, թե՞ ոչ:
«Հայկական կողմը պնդում է, որ չկան, իսկ թուրք-ադրբեջանական կողմը հերթով, կարգով բարձրաձայնում է այդ նախապայմանները, թվարկում, թարմացնում, ճոխացնում... Իսկ բանակցությունները շարունակվում են: Եթե չկան նախապայմաններ, ապա պատմեք, տեսնենք, թե ինչի մասին եք դուք խոսում այդ բանակցությունների ժամանակ: Ի՞նչ է ձեզ առաջարկում թշնամի պետությունը, որը տարիուկես առաջ մեր տղաներին վարձկաններով ու «Բայրաքթար»-ներով սպանում էր: Պատմեք՝ մենք էլ իմանանք: Մենք, նկատի ունեմ հասարակության մեծամասնությունը, որը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել իրենց անունից խաղաղության դարաշրջան բացել: Որովհետև այնպիսի խաղաղության դարաշրջան եք բացել, որ մի հումանիտար աղետից դուրս չեկած՝ մյուսի մեջ ենք հայտնվում: Եթե դուք այդքան վստահ եք, որ Ադրբեջանն իր կրակոցներով ձեզ չի կարող շեղել այդ խաղաղության ճանապարհից, ապա խնդրեմ՝ ձեր ընտանիքներով տեղափոխվեք Խրամորթ, ապրեք և ըմբոշխնեք ձեր բացած խաղաղության դարաշրջանի բոլոր պտուղները: Մոռացել էի, որ դուք չեք կարողանում գնալ Արցախ, որովհետև այնտեղ ձեր անվտանգությունը չեն կարողանում ապահովել: Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել»,- ասաց ադրբեջանագետը և կրկին հորդորեց իշխանություններին պատմել, թե ինչ են բանակցում, բայց հոդաբաշխ պատմել՝ առանց մարմնի մասերի անկանոն թափահարումների: