Առանց Պուտինի հետ հանդիպման պարզ չէ, թե ինչի է պատրաստ Ռուսաստանը. Զելենսկի
Առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չի կարելի հասկանալ, թե Ռուսաստանը ինչ է պատրաստ անել պատերազմը դադարեցնելու համար, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական մի շարք երկրների հանրային հեռարձակողների հետ հարցազրույցում։
«Կարծում եմ, որ մինչև այս պահը, առանց իմ հանդիպման Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ որևէ ձևաչափով, իրականում հնարավոր չէ հասկանալ, թե ինչի են նրանք պատրաստ, որպեսզի դադարեցնեն պատերազմը, և ինչի են նրանք պատրաստ, եթե մենք պատրաստ չլինենք ինչ-որ փոխզիջման»,- Վլադիմիր Զելենսկու խոսքերն է մեջբերում «Интерфакс-Украина»-ն։
Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ այսօր չի կարող նշել ռուս-ուկրաինական պատերազմի գինը։ «Դրանք շատ լուրջ բաներ են։ Ես գիտեմ միայն մեկ բան՝ պատմությունը մեզ չի ների մեր բնակչության կորուստը, մեր պետությունը չի ների մեզ մեր ժողովրդի կորուստը։ Բայց նույնիսկ մեր տարածքների կորուստը մեր ապագա սերունդները չեն ների ու կասեն՝ ինչի՞ համար եք պայքարել»։ - հավելել է Ուկրաինայի ղեկավարը։