Իշխանությունները քարոզ են տանում Հայաստանի անկախության հռչակագրի դեմ. Անդրանիկ Թևանյան
Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, որի պատճառով կարիք է առաջացել օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել տարածքային ամբողջականության դեմ ուղղված քարոզի, գործողությունների թեմայով: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Դատելով դրանից, իհարկե, ես ցավով եմ նշում, մենք կարող ենք օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ Հայոց ցեղասպանության հետ կապված պետական քաղաքականությունը շրջանցող գործողությունները քրեականացնելու մասին: Եվ, ի վերջո, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ քարոզ է տարվում և քայլեր են իրականացվում Հայաստանի թիվ մեկ իրավաքաղաքական փաստաթղթի դեմ՝ Հայաստանի անկախության հռչակագրի դեմ: Առնվազն երկու կետով թիվ մեկ պաշտոնյայի կողմից հնչել են տեսակետներ, որոնք հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին»,- ասաց Թևանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախության հռչակագրի հենց նախաբանում Արցախին վերաբերող դրույթ կա, և մենք Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի և նրա թիմակիցների կողմից լսել ենք Հայաստանի անկախության հռչակագրին դեմ իրականացվող քարոզ ու նաև գործողություններ:
«Հայաստանի անկախության հռչակագրում Հայոց ցեղասպանության հետ կապված նույնպես հնչել են հակահռչակագրային ձևակերպումներ, մասնավորապես, նշվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրով զբաղվող թիվ մեկ սուբյեկտը պետք է լինի Սփյուռքը: Այդ տեսակետը մերժվել էր 90-ական թվականներին, և այդ տեսակետը կրողները դուրս էին եկել քաղաքական պատմությունից, բայց մենք նորից տեսնում ենք, որ դա վերադարձել է: Հայաստանի անկախության հռչակագրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է պետական քաղաքականություն լինի, և որևէ հայտարարություն, որ դրանով պետք է հիմնականում զբաղվի Սփյուռքը, հակասում է հռչակագրին և իր էությամբ հակապետական է, որովհետև Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական հարց է: Նույնը վերաբերում է նաև Արցախին»,-ասաց Թևանյանը և նշեց, որ այս ամենը պետք է հաղթահարենք և կարողանանք տեր կանգնել մեր անկախության հռչակագրին: