Ճնշումներից ենթադրվում է, որ ինչ-որ փաստաթուղթ կա դրված սեղանին, որը ստիպում են հայկական կողմին ստորագրել. Աննա Գրիգորյան
Առհասարակ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքային առումով նկրտումներ և դա փաստացի կերպով ամրագրված է նաև բարձր մակարդակ ունեցող Շուշիի հռչակագրում: Այսինքն՝ զարմանալ, ենթադրել, թե արդյոք դա կարող է լինել խոսք Սյունիքի միջանցքի մասին, այնքան էլ տեղին չէ, որովհետև ամենաբարձր մակարդակով ստորագրված փաստաթուղթ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Շուշիի հռչակագրով ամրագրված է, որ ադրբեջանական կողմը ցանկություն ունի ՀՀ սուվերեն տարածք վերցնել, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանին: Այստեղ զարմանալու որևէ բան պատգամավորը չի տեսնում:
«Ես ավելի խնդրահարույց եմ համարում այն կետը, որտեղ խոսվում է տարածքային ամբողջականության մասին: Որքան էլ այս իշխանությունները պնդեն, որ մենք տարիներ առաջ դեռևս ճանաչել ենք, այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչով է Ադրբեջանն առաջին կետով և իրենց հնչեցրած բոլոր հայտարարություններով պնդում և ասում, որ մենք նորից պետք է ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այստեղ, այո՛, հարց է առաջանում, թե ինչու»,- նշեց պատգամավորը:
Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
Պատգամավորը նաև նշեց, որ Ադրբեջանը շարունակում է անընդհատ առաջ գալու իր քաղաքականությունը. «Այս իշխանությունների օրոք տեղի է ունենում տարածքային շարունակական առաջխաղացում, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացում: Իշխանությունները տոտալ անգործության են մատնվել: Տեսնել, որ քո տարածք են մտել, ուշադրություն չդարձնել, պոստֆակտում, երբ այնքան են ամրացել, որ ուղղակի իրենց այս պահին դուրս շպրտել չի ստացվում և ասել, դե սա է իրականությունը, եկեք հարմարվենք, ուղղակի անթույլատրելի է»:
Անդրադառնալով Արցախի գազամատակարարման հարցին, Գրիգորյանը նշեց, որ սա Ացախի հայաթափման քաղաքականություն է: Ադրբեջանն ուզում է Արցախը՝ առանց հայերի: Պատգամավորն այն համոզման է, որ սա պետք է հստակ գիտակցել:
«Առաջիկայում, եթե չեմ սխալվում՝ ապրիլի 9-ին, պետք է հանդիպեն Հայաստանի վարչապետը, ՌԴ նախագահը, իսկ այնուհետև որքանով որ հասկանում ենք Բրյուսելում տեղի են ունենալու բանակցություններ: Այսինքն՝ բանակցություններից առաջ Ադրբեջանը հերթական ճնշումների է գնում: Եվ ես չգիտեմ՝ որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ, բայց այն քաղաքականությունը, որը վարվում է Ադրբեջանի կողմից, հերթական ճնշման քաղաքականությունն է, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ հավանաբար ինչ-որ փաստաթղթի մասին է խոսվում, որը կա սեղանին և որը ստիպում են հայկական կողմին ստորագրել»,- ասաց Գրիգորյանը: