Ժամանակն է վերջ տալ այս սարսափելի, անհեթեթ պատերազմին և անհապաղ սկսել բանակցել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և անհապաղ սկսել բանակցությունները։ Նրա կարծիքով` «դիվանագիտական առաջընթացի տարրեր այժմ տեսանելի են մի քանի առանցքային հարցերի շուրջ»։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Սեղանին բավական բան կա՝ դադարեցնելու կռիվը հիմա և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- լրագրողներին ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով՝ «այս պատերազմը չի կարելի հաղթել»։ «Վաղ թե ուշ նա պետք է մարտի դաշտից տեղափոխվի բանակցությունների սեղան»,- հավելել է նա։
Ինչպես նշել է Գուտերեշը, «Ուկրաինայում պատերազմի շարունակությունը բարոյապես անընդունելի է, քաղաքականապես աններելի և ռազմական տեսանկյունից անիմաստ»։
«Ցանկացած չափով, նույնիսկ ամենախելամիտ հաշվարկով, ժամանակն է դադարեցնել կռիվը և խաղաղությանը հնարավորություն տալ: Ժամանակն է վերջ տալ այս սարսափելի, անհեթեթ պատերազմին»,- հավելել է նա: