Արևմուտքը ՄԱԿ-ում փորձում է քաղաքականացնել Ուկրաինային առնչվող մարդասիրական խնդիրները․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Ուկրաինայում հումանիտար խնդիրների լուծմամբ՝ վերացնելով խաղաղ բնակչության տարհանման արհեստական խոչընդոտները։ Այս մասին նա ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Լավրովը նշել է, որ նախօրեին Մաուրերն այցելել էր Կիև։
«Հուսով եմ, որ ավանդաբար կոնկրետ ձևով, կենտրոնանալով հումանիտար խնդիրների վրա, առանց որևէ քաղաքականացման, մենք այսօր կկարողանանք առաջընթացի հասնել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նախարարը հավելել է նաև, որ այժմ Ռուսաստանը հետևում է, թե ինչպես է Արևմուտքը փորձում ՄԱԿ-ում հնարավորինս քաղաքականացնել Ուկրաինայում հումանիտար խնդիրները՝ դրանց տալով հակառուսական բնույթ։