Հարձակման արդյունքում ադրբեջանական զինուժը հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում․ Աղաջանյան
Տարածքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ուստի գլխավոր հարցը ռուսական կողմի դիրքորոշումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող վերջին իրադարձություններին։
Նրա խոսքով` Ղարաբաղում տեղի ունեցողը հայերին հայրենի հողում ապրելու իրավունքից զրկելու և տարածաշրջանի հայ բնակչության դեմ ուղղված էթնիկ զտումների Ադրբեջանի քաղաքականության հերթական դրսևորումն է։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ հարձակումը։ Չէ՞ որ, ըստ էության, այդ հարձակման արդյունքում ադրբեջանական զինուժը հայտնվել է ռուս խաղաղապահների թիկունքում։
Կրկնում եմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի համաձայն՝ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ուստի մենք ակնկալում ենք հստակ պատասխաններ ստանալ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչի արդյունքում դա տեղի ունեցավ»,- ասաց Աղաջանյանը։
Նա հույս հայտնեց, որ այս խնդիրը հնարավորինս շուտ կվերացվի, և Ադրբեջանը կվերադառնա իր սկզբնական դիրքերին։