Չինաստանը Boeing 737-ի կործանման վայրում պայթուցիկ չի հայտնաբերել
Առայժմ Չինաստանում ուղևորատար Boeing 737-ի վթարի վայրում հավաքված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել, շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Չժեն Սին։
«Ֆիզիկական-քիմիական լաբորատորիան ընդունել է ընդհանուր առմամբ 66 նմուշ, 41 նմուշի փորձարկումն արդեն ավարտվել է, և սովորական անօրգանական պայթուցիկների բաղադրիչները, ինչպես նաև սովորական օրգանական պայթուցիկ նյութերի բաղադրիչները չեն հայտնաբերվել», - ասել է Չժեն Սին:
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որը թռչում էր Կունմինգից Գուանչժոու, կործանվել է մարտի 21-ին Չինաստանի հարավում գտնվող Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Թենգ շրջանում, Վուչժոու քաղաքում: Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանումը, որում եղել է 132 մարդ, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ: