Պուտինի հասցեին Բայդենի վիրավորանքները նվազեցնում են հարաբերությունները բարելավելու հնարավորությունը. Պեսկով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին «նվազեցնում են հնարավորությունների պատուհանը» երկրների միջև հարաբերությունների բարելավման համար։ Ինչպես հայտնում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնուամենայնիվ, պետության ղեկավարը պետք է սթափ մնա։ Եվ իհարկե, ամեն անգամ նման անձնական վիրավորանքները նեղացնում են մեր երկկողմ հարաբերությունների հնարավորությունների պատուհանը ներկայիս (ԱՄՆ) վարչակազմի օրոք: Մենք պետք է տեղյակ լինենք այս մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը նաև նշել է, որ «տարօրինակ» է դա լսել Բայդենից, ով ժամանակին կոչ էր արել ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց։
«Ի վերջո, սա մի մարդ է, ով ժամանակին պահանջում էր՝ իր երկրում հեռուստատեսությամբ հանդես գալով, ռմբակոծել Հարավսլավիան: Նա պահանջում էր սպանել մարդկանց»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Մեկնաբանությունը վերաբերում է Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող ուկրաինացի փախստականների ճամբար կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ Լրագրողներից մեկը Բայդենին հարցրել է, թե ինչ է մտածում Պուտինի մասին Ուկրաինայում ռազմական գործողության ֆոնին, իսկ նա Ռուսաստանի ղեկավարին անվանել է «մսավաճառ»։